«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե դեկտեմբերի 10-ի հանրահավաք-երթի առանցքային ելույթն այս անգամ ո՞ւմ է վերապահված, ուղղել է, որ ոչ թե հանրահավաք է լինելու, այլ ուղղակի երթ։
Անկեղծ ասած, խիստ զարմանալի կլիներ, եթե դեկտեմբերի 10-ին հանրահավաք լիներ՝ հաշվի առնելով ընդդիմադիր այս ձևաչափում ստեղծված, մեղմ ասած, խառնաշփոթ վիճակը:
Դեկտեմբերի 10-ի երթն էլ, կարելի է ասել, ավանդական օրացուցային միջոցառում է, որն արդեն առնվազն վեց տարի անցկացվում է: Այդ միջոցառման միջուկն էլ կազմում են քաղաքացիական ակտիվիստները՝ անկախ երթի քաղաքական հասցեականությունից:
Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ՝ ընդդիմությունը չունի ֆինանասական ու մարդկային ռեսուրսի դեֆիցիտ, սակայն չունի նաև ասելիք:
12 պահանջները, եթե անկեղծ լինենք, կարող են ձևակերպել նույնիսկ քաղաքականությունից հեռու մեր հայրենակիցները, ովքեր ամեն օր իրենց մաշկի վրա զգում են կառավարության ոչ արդյունավետ քաղաքականության հետևանքները:
Հետո 12 պահանջներով մարդկանց այլևս հրապարակ չես բերի, որովհետև անգամ Սերժ Սարգսյանը կարծում է, որ դրանք ևս մեկ անգամ քննարկելու անհրաժեշտություն կա:
Ընտրական օրենսգրքի բարեփոխումը՝ եռյակի նոր իդեա ֆիքսը, մեր հասարակությանը չի հետաքրքրում: Սովորական մահկանացուներն ավելի անկեղծ են ու երրորդական են համարում այն հանգամանքը, թե որ ընտրակարգով իրենց ձայնը կկեղծվի կամ կգնվի:
Լևոն Տեր-Պետրոսյանը հազիվ թե նոր ասելիք ունենա, որովհետև նրա վերջին ելույթները նախորդների տարբեր դրվագների անհաջող հավաքածու էին՝ համեմված առաջին նախագահի կարգավիճակին չպատշաճող հումորով: Գագիկ Ծառուկյանի նորամուտն էր հետաքրիր, հերթական ելույթը՝ հազիվ թե: Րաֆֆի Հովհանիիսյանին լսել, թերևս, չարժի, որովհետև հաջորդ իսկ ելույթով հերքելու է նախորդ խոսքը:
Մի խոսքով, դեկտեմբերի 10-ին ասելիք չկա, մնում է քայլել Երևանի կենտրոնական փողոցներով՝ թարմացնելով չմոռացված ջահելության քաղցր հուշերը…
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ